Իշխանական կուլիսներում վստահ են, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անի, գրել է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթի՝ Գյումրիում ապրիլի 16-ին ընդդիմադիր թեկնածուները Ղուկասյանին քաղաքապետ են ընտրել, բայց նա «պետք է իշխանությունների հետ համագործակցի, իսկ հարկ եղած դեպքում՝ ենթարկվի իրենց»:
Լրատվականի տեղեկություններով՝ դա ակնհայտ երևում է նաև Ղուկասյանի «զգուշավոր» հայտարարություններից:
«Իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին «ներքաշել» այս ամենի մեջ, որպեսզի մարզպետն ամեն կերպ Ղուկասյանին «իրենցով» անի: Իշխանություններն օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ նրանք դիմավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ճաշել, քայլել նրա հետ»,- նշել է թերթը:
Թերթի աղբյուրի համաձայն՝ իշխանությունները վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա, իսկ Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ «կոմպրոմատներ ունեն նրա և որդու դեմ»։
Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ էր ընտրվել ապրիլի 16-ին։ Գյումրիի ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մարտի 31-ին հայտարարել էին իրենց ձայները Ղուկասյանին տալու որոշման մասին, ինչի արդյունքում իշխող ՔՊ-ն զրկվել էր մեծամասնություն կազմելու հնարավորությունից, քանի որ 50 տոկոսից ավելի ձայներ չէր հավաքել։ Ընտրություններից 6 օր անց՝ ապրիլի 4-ին, իր ձայները Ղուկասյանին տալու մասին էր հայտնել նաև «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։