Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանին ապրիլի 9-ին կանչել են «Քաղաքացիական պայմանագրի» վարչություն և պահանջել պարզաբանել նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանության վերաբերյալ, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
«Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Գասպարյանի ամուսնու հետ»,- հայտնել է լրատվականը։
Ըստ թերթի՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնու և սպանված տղամարդու միջև վեճի պատճառը հայտնի չէ։
Լրատվականը պարզաբանել է, որ սպանության մեջ կասկածվող Կարեն Բադալյանը (հայտնի է «Ճապ» մականունով) քաղաքապետի ամուսնու ընկերն է, դեպքից հետո փախուստի է դիմել և հետախուզվում է։
Թեև Գասպարյանը հայտնել է, որ դեպքի օրը Հայաստանում չէր և երբ հայտնի է դարձել սպանության մասին, ամուսնու հետ վերադարձել է Հայաստան, ՔՊ-ում կարծիք կա, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, «թեկուզ՝ քաղաքական», քանի որ կա զոհ և սպանության հետքերը «տանում են դեպի քաղաքապետի ընտանիք»։