«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը պետք է ավարտին հասցնի Կասկադ համալիրի շինարարությունը, Հայաստանի ճարտարապետների 300 անդամ ունեցող պալատին հրավիրել է քննարկելու «Կասկադի» ծրագիրը, սակայն նրանցից մի քանիսն է ներկայացել հանդիպմանը, իսկ մյուսները՝ մերժել են, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ հանդիպմանը մասնակցել են այն ճարտարապետները, որոնք ՔՊ-ի հետ կապված են: Նրանք քննարկել են, «հարթել սուր անկյունները», բայց ինչպես՝ պարզ չէ, գրել է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ ներկա է գտնվել պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, որը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ է, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտերմուհին՝ ճարտարագիտական համալսարանի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը և Անահիտ Թարխանյանը, որի տղան Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախկին խորհրդականն էր:
Լրատվականի պնդմամբ՝ «Կասկադ» համալիրի համահեղինակներից որևէ մեկի ժառանգը չի մասնակցել քննարկմանը։
«Նրանց հետ հարցը չի քննարկվել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, և «Կասկադի» շարունակության ճիշտ կառուցումը վտանգված է»,- նշել է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ Համալիրի վերակառուցման մրցույթում հաղթող «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական շահառուն 97,5 %-ով Գրիգոր Տեր-Ղազարյանն է:
2024 թվականի մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Կասկադ» համալիրի վերին հատվածի սեփականատերը 11,5 հա տարածքը վերադարձրել է Երևան համայնքին։ Այդ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։
Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ «Կասկադ»-ի վերին հատվածի շինարարությունն ավարտին կհասցնեն մասնավոր ներդրումներով։ Ըստ նախագծի՝ ավարտված հատվածում կտեղադրվի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը, կկառուցվի ամֆիթատրոն։