ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: Այս մասին Սիմոնյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Քննարկվել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցեր, հավելել է նա:
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։