Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է՝ համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։
Միաժամանակ ընդգծում ենք հնացած և ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Մարտի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն 3 անգամ հաղորդագրություն էր տարածել հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ, որը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր։
Մարտի 13-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է և հայկական կողմն ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։
2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
Հունվարի 30-ին ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։