Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը հայտարարել է, որ կուսակցությունը չի ընդունի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որն ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»,- ասվում է հայտարարության մեջ
Կուսակցությունը շեշտել է, որ ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։
Նշվում է, որ տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։
«Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը»,- ասվում է ՀՅԴ ԳՄ-ի հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։
ԳՄ-ն նշել է, որ ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, Սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։
«Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը»,- հավելել են կուսակցությունից։
ՀՅԴ-ն վճռականություն է հայտնել ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
Մարտի 13-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է և հայկական կողմը ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը, որոնց համաձայնել է Հայաստանը։ Նա հաստատել էր, որ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Նույն օրը՝ մարտի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։