ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին աշխատանքից ազատելու պահանջը կարող էր առաջադրել Ադրբեջանը, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ այս եզրակացությանն է հանգել «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մարտի 8-ին փակ հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո։
Թեև, ըստ հրապարակման, խմբակցության հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Կիրակոսյանին ազատել է նրա աշխատանքից դժգոհ լինելու պատճառով, սակայն վարչապետը չի մանրամասնել դժգոհության պատճառները։
Լրատվականը հիշեցրել է, որ Կիրակոսյանն էր ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնն զբաղեցնում էր 2018-ից, և անձամբ դեմ էր միջազգային հայցերը հետ կանչելուն։
«Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը, մինչդեռ Կիրակոսյանն իր հարցազրույցներում չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին»,- նշում է թերթը։
Մարտի 5-ին մամուլը գրել էր, որ Կիրակոսյանի գլխավորությամբ գրասենյակի ամբողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գրասենյակից հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։