Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու պատրաստակամության մասին, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ էր հրապարակել հարցազրույցի մասին։
Փաշինյանը, թերթի տեղեկություններով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու, ինչպես նաև ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության մասին։
«Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով»,- ենթադրում է լրատվականը։
Վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ «Պետք է հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Իսկ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով։ Ինչպե՞ս եղավ, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, բայց 1950-ին հայտնվեց»,- ասել էր Փաշինյանը։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի մտնում Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։