«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարության հայտարարությունները, թե իբր հրապարակային քայլերը խոչընդոտում են Ադրբեջանից հայ պատանդների և գերիների վերադարձին, պատրվակ են դարձել նրանց անգործության համար, գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ եթե խնդիր առաջանա, պետությունն իրեն չի պաշտպանի»,- պարզաբանել է նա։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է մեծացնել ճնշումը և ակտիվորեն գործել, այդ թվում՝ հասարակական դաշտում, հատկապես այն պայմաններում, երբ Բաքուն արգելափակում է դատական և իրավական մեխանիզմները և միջազգային կառույցների աշխատանքը։
«Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել հայրենիքի համար»,- ընդգծել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ երբ 2021 թվականին Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույց էր հրապարակել, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարության որոշ անդամներ այն անվանել էին «հնարած տեսարաններ»։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։