Բաքուն և Մոսկվան քննադատում են ԵՄ դիտորդական առաքելությունը՝ այն դիտելով որպես խաղաղության պայմանագրի սպառնալիք, չորրորդ հանդիպմանն ասել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Նիլս Ուշակովսը։
«Բայց հարց է առաջանում. ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել անզեն քաղաքացիական առաքելությունը նրանց համար: Նրանք փորձում են սա տեսնել որպես խաղաղ գործընթացի խոչընդոտ։ Կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է Բաքուն հրաժարվում այդ համագործակցությունից և ցանկանում դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում»,- նշել է Ուշակովսը։
Նա ընդգծել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է կայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Նա նաև հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Բաքվին առաջարկած սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմների ստեղծումը։
«Եվ սա խաղաղության օրակարգը կյանքի կոչելու Հայաստանի հանձնառության օրինակ է, և մենք սատարում ենք դրան։ Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել»,- նշել է նա։
Ուշակովսը նաև նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։ Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կարևոր է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։
«Խաղաղության խաչմերուկի դեպքում Հայաստանը կարող է ունենալ ազատ ընտրություն՝ կապված իր եվրոպական ապագայի հետ, ինչը ենթադրում է տնտեսական դիվերսիֆիկացում։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու մենք պետք է կենտրոնանանք հաղորդակցությունների ապաշրջափակման ազատության վրա: Մենք լիովին աջակցում և կոչ ենք անում Անկարային բացառել սահմանային խնդիրները հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից»,- ասել է նա։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:
2024 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։
Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 28-ին քննադատել էր հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ այն անվանելով «ուղղակի թղթի կտոր»։