Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար կառավարության հսկողությանն է հանձնում ՀՀ մարզերի ենթակառուցվածքային օբյեկտների գործունեությունը, որոնք նախկինում մարզերի ղեկավարների պարտականությունն էին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նա կրճատել է ավտոպարկը, մարզպետների ենթակայությունից հանել դպրոցները, հիվանդանոցները՝ հանձնելով ԿԳՄՍՆ-ին և Առողջապահության նախարարությանը։
«Դպրոցները, հիվանդանոցները, սոցիալական ծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, և քանի որ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին, որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել»,- գրել է թերթը։
Լրատվականի՝ ոլորտից տեղյակ աղբյուրի խոսքով՝ իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։
Հունվարի 25-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում արտահերթ ընտրությունների անցկացում: Վարչապետը հերքել էր իր ակտիվության և հնարավոր արտահերթ ընտրությունների միջև կապը։ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը։
Ըստ թերթի՝ այս հանգամանքով է պայմանավորված Հակոբյանի գերակտիվությունը․ նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի, տեղական, միջազգային հյուրեր է ընդունում և չունենալով պաշտոն՝ ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Փաշինյանը հայտարարել էր կնոջ հետ «Ընտանեկան փոդքասթ» վարելու մասին։