ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանը քննարկել է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ գործադրվող և անհրաժեշտ լրացուցիչ ջանքերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանն ընդգծել է խնդիրը հասցեագրելու ուղղությամբ ՀՀ կողմից արտահայտված պատրաստակամությունն ու քայլերը՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների համար հարցի զգայունությունը։
Միրզոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին, ընթացող կեղծ դատավարություններին՝ մտահոգություն հայտնելով նշյալ անձանց առողջական վիճակի, նրանց նկատմամբ հնարավոր ներգործության առնչությամբ։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների համատեքստում։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։
Միրզոյանը Ժնևում մասնակցել էր ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին, որի ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար դատվող հայ գերիների հարցը։
ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։