Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումները, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Կանցլեր Շոլցն, իր հերթին, նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Նշվում է, որ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Գերմանիայի Մյունխեն քաղաքում փետրվարի 13-ին ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել էին։
Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։ Նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և երկկողմ մի շարք հանդիպումներ ունեցել արտերկրի գործընկերների հետ: