Արցախյան 44-օրյա պատերազմից չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորել ենք, կառավարության նիստից հետո տեղի ոնեցած ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են։
«Հույս ունեմ, որ առաջիկայում էլ նաև միջգերատեսչական խմբի շրջանակներում էլ ամեն մեկն իր գերատեսչությունների մասով աշխատանքներ տանում է այս գործընթացում հնարավորինս հանգամանքները հաշվի առնելով, որպեսզի մենք ի վերջո կարողանանք բոլոր աճյունները հուղարկավորել»,- ասել է նախարարը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 21-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ է փոխանցել հայկական կողմին։ Նույն օրը ՔԿ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմից փոխանցված 2 հայ զինծառայողի մասունքների դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ են նշանակվել՝ անձանց ինքնությունը պարզելու նպատակով։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։