Ադրբեջանը հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցել «շրջակա միջավայրին հասցված վնասի և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի եզակի բնության ոչնչացման» համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
«Հայցը ներկայացվել է 2025 թվականի փետրվարի 12-ին՝ 1979 թվականի Բեռնի կոնվենցիայի դրույթների հիման վրա՝ Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրերի պահպանման մասին: Սա երբևէ առաջին միջպետական արբիտրաժային գործընթացն է, որը նախաձեռնվել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում պնդում են, որ Հայաստանն իբր «միջազգային բնապահպանական պարտավորությունների բազմաթիվ խախտումներ է թույլ տվել»։
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում էկոհամակարգերի և վայրի բնության զանգվածային ոչնչացման հետևանքով պատճառված վնասի համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք վնասակար ազդեցություն են ունեցել հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական տարածքների հարյուրավոր կենդանատեսակների և բնական միջավայրերի վրա։ Նման գործողությունները ներառում են լայնածավալ անտառահատումներ, փայտանյութի անկայուն շահագործում, հանքարդյունաբերական գործունեություն և հիդրոէլեկտրակայանների կառուցում»,- պարզաբանել են ԱԳՆ-ից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկիրը համառորեն կձգտի Հայաստանին պատասխանատվության ենթարկել «բնությանը հասցված վնասի, ինչպես նաև օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի, կենդանիների և նրանց ապրելավայրերի պաշտպանության հարցերում անգործության համար»։
Փետրվարի 12-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով հետաքննել արցախահայության դեմ Ադրբեջանի հանցագործությունները։ Կազմակերպությունը նշել էր, որ 2020-2023 թվականների հակամարտության ընթացքում Ադրբեջանի գործողությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն։