Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ-ում ուժային կառույցների և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կայացած հանդիպումից հետո իրավապահ համակարգում լայն թափով սկսել են ուսումնասիրել անհետ կորածների գործերը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ծնողներն իրենց ձեռքում հայտնված փաստաթղթերը ևս հավաքում են:
Փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի ու Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ էին փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ։
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին:
ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։