ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնել է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նա հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: