ՀՀ վարչապետը հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ Դավոսում քննարկել է գիտության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։
«Արտեմ Փաթափությանն, իր հերթին, նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններ և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում»,- նշվում է հաղորդագրությունում։
Փաթափությանը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2021 թվականին: