Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է չմասնակցել նոր ընտրություններին։
Ըստ լրատվականի՝ իշխանությունները ծրագրում են ամբողջ մարզաշխարհը տեղափոխել Հարությունյանի հսկողության տակ։
«Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլև, որպեսզի սպորտային հաջողություններն իշխանությունն իր օգտին ծառայեցնի»,- պարզաբանել է մամուլը։
Թերթի տեղեկություններով՝ Հարությունյանը տեսանելի ապագայում համակարգելու է նաև այլ մարզական ֆեդերացիաների, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը։
Հիշեցնենք, որ դատարանը զրպարտչական էր ճանաչել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության մասին արված հայտարարությունները։
2024թ․ սեպտեմբերին Սողոմոնյանը հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին: Իր որոշման գլխավոր պատճառը նա համարել էր ՀՖՖ-ի կողմից իրականացվող հետապնդումը:
2023թ․ ապրիլին Սողոմոնյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ՀՖՖ քաղաքականությունը հայկական ֆուտբոլում դավաճանություն էր անվանել։ Նրա խոսքով՝ իրենց ամեն որոշում ուղղված է հայկական ֆուտբոլն էլ ավելի ոչնչացնելուն։