Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ՝ երդվելով Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողության ժամանակ:
Երդման արարողությունը վարել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ Թրամփը երդվել է՝ ձեռքը դնելով ընտանեկան Աստվածաշնչի և Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա:
«Մեր երկրի պատմության մեջ ոսկե շրջանն սկսվում է այս պահից»,- հայտարարել Է Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում։
Նա հավելել է, որ մահափորձի ընթացքում «Աստված է փրկել իրեն՝ Ամերիկան կրկին հզորացնելու համար»։
ԱՄՆ 47-րդ նախագահը նաև մի շարք հայտարարություններ է արել: Նա հայտարարել է, որ զբաղվելու է աշխարհում հակամարտությունների լուծմամբ և մտադիր է դառնալ «խաղաղարար և մարդ, որը միավորում է մարդկանց»։
«ԱՄՆ-ի հաջողությունը կլինի ոչ միայն մարտերում, որոնք երկիրը կհաղթի, այլև պատերազմներում, որոնց կհաջողվի վերջ դնել և թույլ չտալ, որ երկիրը ներքաշվի պատերազմների մեջ: Արտակարգ դրության ռեժիմ կսահմանվի Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, և զորքեր կուղարկենք այնտեղ, որպեսզի դադարեցնենք անօրինական միգրանտների ներխուժումը»,- նշել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունն այսօրվանից միայն երկու սեռերի՝ արական և իգական սեռի ճանաչումն է: Թրամփը նաև խոստացել է ԱՄՆ վերադարձնել խոսքի ազատությունը՝ հայտարարելով, որ պետական գրաքննությունը դադարեցնելու մասին հրամանագիր կհրապարակի:
«Մեքսիկական ծոցն Ամերիկայի ծոց կվերանվանվի։ ԱՄՆ-ն կձգտի ընդլայնել իր տարածքը և յուրացնել Մարսը»,- նշել է նա։
Հունվարի 19-ին 5000 ցուցարար ԱՄՆ-ում ցույց էր անցկացրել՝ բոյկոտելով Թրամփի՝ հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությունը։
2024 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։