Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հետ քննարկել է Ռուսաստանի հետ հնարավոր խնդիրները՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի ֆոնին, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Սակայն, ըստ թերթի, լուծումներ չեն առաջարկվել, և Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ որոշել է զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ «իրավիճակը պարզաբանելու և հարվածները մեղմելու համար»։
Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կառավարությունը ներկայումս չի ծրագրում երկրի դուրս գալը ԵԱՏՄ-ից։ Նախարարը համոզմունք էր հայտնել, որ այնքան էլ էական չէ՝ Հայաստանը ԵՄ մա՞ս է, թե՞ ԵԱՏՄ։ «Գլխավորն այն է, որ երկրի տնտեսությունը բարձրացնի իր մրցունակությունը»,- ասել էր Պապոյանը։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։
Նույն օրը Կրեմլը մեկնաբանել էր ՀՀ կառավարության այս որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան ԵՄ անդամակցության նախագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «դավաճանություն» էր անվանել ՀՀ կառավարության որոշումը՝ աջակցելու ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։
Հունվարի 11-ին Եվրոպական միության արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրական նախաձեռնությունը՝ սկսելու հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչպես նաև նախատեսում է այն քննարկել Երևանի հետ։
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...