Հայաստանի և Ադրբեջանի Սահմանազատման և սահմանային հարցերի հանձնաժողովները մոտ ժամանակներս հանդիպում կունենան, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում կար պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները»,- ասել է Գրիգորյանը՝ չնշելով հաջորդ հանդիպման ժամկետները։
Գրիգորյանը Բաքվից հնչող հայտարարություններին, թե իրենք դեմ են յուրաքանչյուր երկրի ինքնիշխան տարածքում այդ երկրի օրենսդրությամբ ապաշրջափակում իրականացնելուն, անվանել է Հայաստանի «կարմիր գծեր»։
«Մենք քանի անգամ ենք արդեն կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է: Անգամ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այն տերմինը, որի մասին դուք հարց եք տալիս: Չի լինելու նման բան, նման բան ուղղակի չի լինելու: Եթե շարունակաբար դրա մասին փաստվում է, մենք էլ շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոններով՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- նշել է նա:
Գրիգորյանն ընդգծել է, որ տեղյակ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներից, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չի բարձրաձայնի դրանց բովանդակությունը։
«Ասել ենք, որ ոչ թե բանակցություններ ենք իրականացնում, այլ առաջարկներ ենք ներկայացրել»,- հստակեցրել է նա:
Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության՝ խաղաղության պայմանագրի 17 կետից մնում է համաձայնեցնել 2-ը․ պայմանագրի՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի դրույթները։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։