2023 թվականին Երևանում բողոքի ակցիաների գործով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նախկին աշխատակցուհին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Նրա տեղեկություններով՝ Ստեփանակերտի «Հանրապետական» բժշկական կենտրոնի նախկին բուժքույրը Մոսկվայից Երևան է ժամանել։ Կինը 2023 թվականին մասնակցել է ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներին և այդ կապակցությամբ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Երիցյանը հավելել է, որ այս պահին ձերբակալվածին տեղափոխում են Քննչական կոմիտե:
Նույն օրը Երիցյանը պարզաբանել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջը մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Կինը մեղադրանքը չի ընդունում։
«Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- նշել է փաստաբանը։
Երիցյանը հավելել է, որ մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, որը 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Նա Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
«Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանից»,- եզրափակել է փաստաբանը։