Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի՝ անձնական տվյալների բացահայտման և երկրին սպառնացող անվտանգության սպառնալիքի մասին հարցմանը, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ԱԱԾ-ն խորհուրդ է տվել կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ։ Հակակոռուպցիոնից պատասխանել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերով, եզրափակել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։