ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնաբանել է հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման հարցը։
Նա հիշեցրել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ՀՀ սահմանապահ զորքերի կողմից ամբողջական սահմանային ծառայություն իրականացնելու մասին։
Աբազյանի խոսքով՝ ներկայումս հայ-իրանական սահմանին Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում քննարկումներ։
ԱԱԾ տնօրենը մեկնաբանել է նաև հայ-թուրքական սահմանը միայն հայկական ուժերի կողմից վերահսկելու մասին հարցը։
«Փուլային տարբերակով հնարավոր է, որ հայ սահմանապահները վերահսկեն հայ-թուրքական սահմանը, բայց ներկայում նման որոշում չկա»,- ասել է նա։
Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ներկայացուցիչները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ միասին Թուրքիայի և Իրանի հետ երկրի սահմանները հսկում են 1992 թվականի համաձայնագրի հիման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։