ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել և առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեղադրանքները՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումներն «իրականությունն աղավաղող անվանելու և ՀՀ-ին ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրելու համար»:
«Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչն իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը»,- նշել է Բադալյանը։
Նա շեշտել է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ ՀՀ-ն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը:
«Սա շատ պարզ ձևով հայտարարության մեջ գրված է: Հասկանալի է, որ ՀՀ-ն դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայությունը նախատեսված չէ»,- նկատել է ԱԳՆ խոսնակը։
Հաջիզադեն հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Փաշինյանի ելույթի ժամանակ Ադրբեջանի դեմ Հայաստանի վարչապետի հնչեցրած արտահայտությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված իրականությունը խեղաթյուրելու փորձ էր անվանել։
Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ՝ գնահատելու համար, թե որքանո՞վ է Հայաստանը կատարում իր պարտավորությունները՝ իր տարածքով անցնող տարածաշրջանային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար։