«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ սահմանադրության օրվա առթիվ Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրված շարժման հավաքի ժամանակ հայտարարել է հուլիսի 6-ին Արագածոտնի մարզ այցելելու մտադրության մասին։
«Վաղը մեկնելու ենք Արագածոտնի մարզ՝ Օշական, Աշտարակ, Բյուրական։ Ամեն անգամ ավելի քիչ ճանապարհ անցնելու ու ավելի շատ մարդ տեսնելու մասին է մեր այցը»,- նշել է նա։
Խոսելով Սահմանադրության մասին՝ Գալստանյանն արձանագրել է, որ իշխանությունները չեն հետևում դրան, և Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն»:
«Այս իշխանությունը զուտ խոսքով է ցույց տալիս, թե իր համար Սահմանադրությունն իբր հիմնարար արժեք է, ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքն իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն են, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի և խորը ճգնաժամի մեջ»,- նշել է նա:
Գալստանյանը հավելել է, որ այդ մասին են վկայում իշխանությունների ստորագրած փաստաթղթերը. մեկ տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր են կնքվել, որոնցից ոչ մեկը չի ներկայացվել Սահմանադրական դատարան և չի վավերացվել Ազգային ժողովի կողմից։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 10-ին ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակելով Բաղրամյան պողոտան։ Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել էր բախումներով։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հունիսի 14-ին Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել էր։
Հունիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պայքարի վերադասավորման փուլում է, ներքին կազմակերպչական վերադասավորումներ են տեղի ունենում։ Նա հավելել էր, որ առաջիկա ամիսներին հրապարակը չեն լքելու։
Մանրամասները՝ տեսանյութում։