Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանում, տեղի է ունեցել Հայաստանի անդամակցությանը նվիրված արարողություն. ուղիղ եթերը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում:
Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացման արարողությունը։
Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների իր գործընկեր Հանկը Բրաունս Սլոտի հետ, մտքեր փոխանակել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ:
Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը և շեշտել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները` «տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը»:
Նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։