Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Գազայի հատվածում՝ Իսրայելի կողմից զանգվածային գնդակոծության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA)։ Կազմակերպության տվյալներով՝ դա բնակչության գրեթե կեսն է։
«Ավելի քան 1 միլիոն մարդ, որը կազմում է Գազայի ողջ բնակչության գրեթե կեսը, ստիպված են եղել լքել իրենց տները։ Միևնույն ժամանակ, շուրջ 600 հազար ներքին տեղահանվածներ գտնվում են Գազայի կենտրոնական շրջաններում, և նրանցից 400 հազարը տեղավորված է UNRWA-ի օբյեկտներում, ինչը մի քանի անգամ գերազանցում է «օգնություն տրամադրելու մեր հնարավորությանը», – ընդգծել է գործակալությունը:
Նշվում է, որ Գազայի բնակիչների հասանելիությունը խմելու մաքուր ջրին զգալիորեն սահմանափակված է: Մարդիկ ստիպված են ջրհորներից ջուր խմել, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման վերաբերյալ։
Բացի այդ, UNRWA-ն հաստատել է Գազայում իր 14 աշխատակիցների մահվան փաստը՝ նշելով, որ այդ թիվը վերջնական չէ և կարող է հետագայում աճել։ Կազմակերպությունը նաև խումբ է ուղարկել Եգիպտոս՝ նախապատրաստվելու մարդասիրական միջանցքի հնարավոր բացմանը՝ Գազա օգնություն հասցնելու համար։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։