«Հայ ձեռներեցների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումն անվանել է «բացահայտ անարդարության դրսևորում» և կոչ արել ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել նրա վերադարձի համար։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
«Ռուբենը հայտնի է առաջին հերթին որպես մարդասեր, բարերար․ մարդ, ով շատ բան է արել բարեգործության ոլորտում Ռուսաստանում, Հայաստանում, իրականացրել միջազգային մարդասիրական նախաձեռնություններ։ Ես Ռուբենին ճանաչում եմ որպես իսկական հայրենասերի, ով ժողովրդի հետ միասին անցել է հայրենիքի ծանր փորձությունների միջով»,- ասել է Կարապետյանը՝ նշելով, որ միշտ աջակցել է Վարդանյանի մարդասիրական ծրագրերին։
«Հորդորում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի վերադարձի համար»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին կալանավորելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։