Ռուսաստանի ԱԳՆ-ն Մակրոնին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «ապակառուցողական դիրքորոշման» մեջ է մեղադրել։
«Նման հայտարարություններով Ֆրանսիան վարկաբեկել է միջնորդի իր դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 28-ին Մարսելի հայերի հետ հանդիպման ժամանակ Մակրոնի կողմից արված արտահայտություններին։
Զախարովան խոստովանել է, որ Ֆրանսիայի առաջնորդի նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ «Մարկոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը»։ Նրա կարծիքով՝ Մակրոնը նման արտահայտություններով «սեփական PR-ն» է անում։
Մակրոնը հունիսի 28-ին Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Արցախի հարցում Ֆրանսիայի վճռականության մասին է հայտարարել։ Մակրոնը վերահաստատել է իր վճռականությունն Արցախի հարցով՝ ասելով, որ միակն է միջազգային ընտանիքի մեջ, որ այդ օրակարգի կրողն է։
«Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ գործադրել, քան նույն ինքը՝ Փաշինյանը, հարցը Փաշինյանն է։ Արցախի հարցում ես միակն եմ, որ ունի հստակ կեցվածք և պատգամ»,-հայտարարել էր Մակրոնը։
Հունիսի 29-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ այն որակելով «հակաադրբեջանական»։
«Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Մակրոնի երևակայության արգասիքն են։ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել»,-ընդգծել են Բաքվում։