«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաև ներկուսակցական քննարկումներին:
Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։
«ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել»,- գրում է թերթը:
Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ:
Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսևորում: