ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները, ինչպես նաև ԶԼՄ-ներում քննարկված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարբերակները:
Նա նշել է, որ Սոչիի բանակցությունների մասին ամբողջական տեղեկատվություն չկա։ «Բայց այն, որ տեղի է ունեցել այդ հանդիպումը, որ այնտեղ գոնե ուժի չկիրառման սկզբունքներ են արձանագրվել, այս փուլում կարծում եմ, որ գոնե նվազագույն հարցերը լուծված են», – հայտարարեց նա:
Պատասխանելով Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակների մասին հարցին՝ Վանեցյանն ընդգծել է, որ այդ տարբերակների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, կան միայն ԶԼՄ-ներում հրապարակումներ։
«Եթե ելնենք մամուլից, ռուսական սկզբունքներն ասում են, որ Արցախի հարցով պետք է մնա ստատուս քվոն, իսկ արևմտականներն ասում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Արցախը Ադրբեջանի կազմում մեզ համար անընդունելի է», – հայտարարել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։