Աչքալուսանք էր Ադրբեջանին ու Թուրքիային․ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսպես արձագանքեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին ՀՀ-ում անցանկալի անձ համարելուն, նրա մուտքը ՀՀ արգելելուն:
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթում գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «Հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլիի մուտքը ՀՀ: Մարդու, ով միշտ աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու և ԼՂ հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար: Սա աչքալուսանք էր Ադրբեջանին ու Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, իսկ պաշտոնյանները չեն հռչակում անցանկալի անձ՝ արժանանալով նրանց բարեհաճությանը»,- ասաց Խամոյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: Զատուլինը վիրավորական է գնահատել Հայաստանի խորհրդարանի ղեկավարության այս քայլը։ Զատուլինը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերի 24-ին նամակ է հղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հոկտեմբերի 29-ին Ջերմուկ և նրա շրջակայք այցելելու խնդրանքով՝ ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Armenia Today-ի թղթակիցը դիմել է ռուս պատգամավորի մամուլի ծառայությանը՝ Զատուլինի հետագա քայլերի մասին տեղեկատվության խնդրանքով, սակայն նրանք հրաժարվել են պատասխանել։
Մանրամասները՝ տեսանյութում: