Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իրոք կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական յուրահատուկ ձևաչափը, ապա նրանք իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 24-ին նրանք առանց որևէ խորհրդակցության խզել են շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ այս կերպ եռյակի աշխատանքն անուղղելի վնաս է կրել։ «Այս աղաղակող քայլի պատճառների մասին դեռ հստակ բացատրություն չի ստացվել, և չկա նաև երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձևացնելով, թե ոչինչ չի պատահել, չի ստացվի, դուք ստիպված կլինեք հաշվի առնել նոր իրողությունները»,- ընդգծել է Զախարովան:
Ռուսական կողմը, ինչպես նշել է Զախարովան, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման առանց այն էլ դժվարին ջանքերը։
Ռուսաստանը կշարունակի անել իրենից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններում, ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և պատրաստ է այդ ձևաչափի շրջանակներում համագործակցել Մոսկվայի հետ։