Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: