Այս իշխանությունը ջանքեր չի գործադրել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն առաջ մղելու և իր մոտեցումները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանության գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մեջ է. խնդիրը դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու։
«Սահմանափակելու են ոչ միայն գործող իշխանությունների, այլ նաև հաջորդ, եկող իշխանությունների բանակցային հնարավորությունները։ Այս փուլում իջեցնելով նշաձողը և հայտարարելով, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում` մենք փակում ենք բոլոր այն դռները, որոնք որևէ փուլում կարող են ապահովել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը»,- մատնանշեց պատգամավորը՝ հավելելով, որ Արցախում լուծվում է Հայաստանի բնակավայրերի անվտանգության հարցը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։