Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը պարզաբանեց ՊԵԿ-ի հաղորդագրությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասին։ Ըստ այդ հաղորդագրության՝ նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից վճարվել է 15 մլրդ դրամ հարկային պարտավորություն։
Վահե Հակոբյանը հարց ուղղեց ՊԵԿ-ին, թե ինչո՞ւ իր անունը չի հրապարակել։
«Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ գլուխները կախ բերել են, մուծել են և այլն։ Հարց՝ ո՞վ է բերել, մուծել, ո՞ւմ գլուխն է եղել կախ, ինչի՞ հետևանքով է բերել մուծել, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞ւմ է դա առհասարակ վերաբերվում։ Ես համոզված եմ, որ ՊԵԿ-ը հատուկ որևէ անուն չի հրապարակել, ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի և իր հերթական ամպագոռգոռ հայտարարություններն անել»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ դեռ կպարզի, թե ում նկատի ուներ Փաշինյանը ԱԺ-ում «թալանչի» ասելով։ Եթե իր մասին է, ապա հարաբերությունները դատարանում կպարզեն։
Խոսելով իրեն վերագրվող փայաբաժնի մասին՝ Հակոբյանն ասաց, որ արդեն հոգնել է ասելուց, որ երբևէ չի ունեցել որևէ բաժին այդ հիմնարկում։ Մինչև 2016 թվականն աշխատել է գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ։