Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը ՀՀ իրավական համակարգում ընդգծված է, լրագրողներն ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա այսպես է արձագանքել ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը։
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն միացել է որոշակի կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և այդ հիմքով պարտավոր է կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Գալյանի պարզաբանմամբ՝ ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիր, որի վեճերի դեպքում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:
«Եթե ուսումնասիրեք արբիտրի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու»,- նշել է նախարարը։
Գալյանն ասել է, որ այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ, ոչ թե վեճի քննության։
«Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ։ Երբ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը»,- շեշտել է նախարարը։
Գալյանն ընդգծել է, որ կառավարությունն սպասում է, որ արբիտրաժի որոշման քննարկումն ավարտվի, որից հետո կգնահատի ռիսկերը։
«Կարող եմ ասել հետևյալը՝ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։ Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա շատ համբերատար կսպասենք վեճի, ըստ էության, քննությանը: Իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները, և կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրը կանդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,- եզրափակել է նախարարը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ չի բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, միևնույն ժամանակ, չի պնդել, որ այն միանշանակ բարձրանալու է։ Ճեպազրույցի ժամանակ նա շեշտել է, որ սակագինը բազմակոմպոնենտ թիվ է։
«Այն կախված է արտարժույթի կուրսից, տվյալ տարվա փաստացի բալանսներից, որովհետև էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանավորվում է, հետո վերջում այլ բան է ստացվում, հազար ու մի գործոն կա»,- ասել է նա։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ են Կարապետյանները (Սամվել և Նարեկ-AT) բարձրացրել սակագինը, Մեսրոպյանը պատասխանել է, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու կամ իջեցնելու որոշում կայացնում է հանձնաժողովը։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: «Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հաղորդմամբ՝ դատարանն արգելել է կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ընկերության գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը: Արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։