Մոսկվայի Յարոսլավլի կայարանում հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման գործով վեց անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին։
«Քրեական գործը քննվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով (առևանգում), ՌԴ Քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի քննիչները մտադիր են դիմել Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, հայտնել են Քննչական կոմիտեից։ Միաժամանակ, ինչպես նշել են գերատեսչությունից, քննությամբ ուսումնասիրվել են Շչեպիխինի տեսագրությունները։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Շչեպիխինին մեղադրանք է առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով:
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Տղամարդն օգնություն էր կանչել և խնդրել ոստիկանություն զանգահարել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չի առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։ Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։