Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ՝ հունիսի 4-ին, վարչական դատարան է դիմել, որպեսզի բողոքարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրեն 200 000 դրամով տուգանելու որոշումը, Armenia Today-ին հայտնեց Փոտանջյանը։
Ըստ Փոստանջյանի՝ ԿԿՀ-ն իրեն տուգանել է 2024 թվականի հայտարարագրում ամուսնու և զավակների տվյալները չլրացնելու համար, սակայն նա համաձայն չէ այդ պնդման հետ:
«Ես ճշգրիտ լրացրել եմ հայտարարագիրը, ինչ ինձնից պահանջվել է, բայց քանի որ ես այդ հարթակին չեմ տիրապետում և վերահսկում, և այդ հայտարարագիրը մենք չենք լրացնում ստորագրությամբ, տնօրինումը կատարվում է «իքս»-երի, ԿԿՀ-ի, նաև թուրրքերի կողմից, հետևաբար կարող են մտնել, ինչ ուզեն՝ լրացնեն»,- պարզաբանեց Փոստանջյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ իր լրացրած հայտարարագիրի մեջ փոփոխություններ են արել, թե ո՞վ՝ չհստակեցրեց։
«Հայտարարագիրը նենգափոխված է։ Ունեմ ապացույց, որ մտել, նենգափոխել են։ Նրանք գրել են, որ ես 2013 թվականին ամուսնացել եմ, 2017 թվականին էլ ամուսնալուծվել եմ, նույնիսկ այդպիսի տվյալ են կեղծել։ Հայտարարագիրը լրացնելն ինձնից երկար ժամանակ է խլել։ Մենք տեսագրել ենք դա»,- նշեց Փոստանջյանը։
Քաղաքական գործիչը համոզված է, որ եթե հայտարարագրի գաղտնաբառը տրամադրում է համակարգը, զուգահեռ այն կարող է տրամադրվել նաև այլ մարդկանց։ Ըստ նրա՝ դատարանը որոշում է կայացրել, որ սխալ էր լրացրել հայտարարագիրը՝ հիմնվելով իրեն անհասկանալի աղբյուրների վրա։
«Գործընթացն սկսել են անանուն աղբյուրի հիման վրա, ոչ թե ԿԿՀ-ի նախաձեռնության։ Անանուն ինչ-որ կայքի ինչ-որ կեղծ տվյալներով հրապարակում հիմք է հանդիսացել, որ ԿԿՀ-ն գործընթաց սկսի»,- շեշտեց Փոստանջյանը։
Նրա պնդմամբ՝ ցանկացած մեկի համար կարող են այսպիսի անանուն հրապարակումներ արվել ու հետապնդումներ սկսվել։ Փաստանջյանը կարծիք հայտնեց, որ տվյալների լրացմամբ համակարգը հավաքում է անձնական տվյալներ անձի մասին, որոնք կարող են օգտագործվել այլ նպատակներով։
Ավագանու անդամի խոսքով՝ այս գործը «նույն կենտրոնից է և ունի քաղաքական ուղղվածություն», իր նախորդ գործի շարունակությունն է, որի համար բողոքարկել էր վերաքննիչ դատարան։
Դատարանի 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Փոստանջյանը տուգանվել էր 525 000 դրամով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։