Դատարանը մերժել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ՝ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումն անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։
«Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը»,- գրել է Փոստանջյանը։
Աղեկյանը ձերբակալվել էր մայիսի 9-ին: Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ ոստիկանները լրագրողին ձերբակալել էին ուժ կիրառելով և ոստիկանություն տարել գիշերազգեստով ու հողաթափերով։ Փոստանջյանը գրել էր, որ Աղեկյանն անազատության մեջ խոշտանգման հետևանքով մի քանի անգամ հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։ Մայիսի 11-ին ՆԳՆ-ն արձագանքել էր Փոստանջյանի հայտարարություններին՝ հերքելով խոշտանգման մասին տեղեկությունը: Ըստ ՔԿ-ի՝ Աղեկյանի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ, այժմ նախաքննության փուլում է երկուսը։