Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին կանչեն են Քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր ռազմական քննչական վարչություն՝ հարցաքննության, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ հարցաքննությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ նույն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է 2020թ․ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում իշխանության կողմից հնարավոր պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք թշնամուն հանձնելու հանգամանքներին։
Նշվում է, որ Շահրամանյանն արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հրատարակությանը հաստատել են, որ գործը «թեժ փուլում է»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Հրատարակությունը չի բացառում, որ հենց նրա հայտարարությունն է գործընթացի մեկնարկի պատճառը, որի էպիկենտրոնում հայտնվել է Շահրամանյանը։
«Նախաքննությունը ստանում է որոշակի քաղաքական երանգներ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026թ․ քաղաքական շրջադարձերին ընդառաջ՝ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ։ Եվ չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի»,- գրում է կայքը։
Մայիսի 30-ին փաստաբան Ռոման Երիցյանը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն Արցախի նախագահի ձերբակալության մասին։ Փաստաբանը հիշեցրել էր, որ Շահրամանյանը որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի և նշել, որ նրա դեմ գործ չի հարուցվել։