Ֆրանսիայի դատարանը մերժել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի խնդրանքը՝ մայիսի 26-ին մեկնելու Նորվեգիա և ելույթ ունենալու Օսլոյի Ազատության Ֆորումում, հայտնում է Մարդու իրավունքների հիմնադրամը (Human rights foundation)։
Դուրովը հրավիրվել էր որպես բանախոս՝ մասնակցելու մարդու իրավունքների հիմնադրամի (HRF) կողմից ամեն տարի անցկացվող համաշխարհային համաժողովին, որի թեմաներն են խոսքի ազատությունը, հսկողությունը և թվային իրավունքները։
«Դժբախտություն է, որ Ֆրանսիայի դատարանները թույլ չեն տվել պարոն Դուրովին մասնակցել մի միջոցառման, որտեղ նրա ձայնն այնքան անհրաժեշտ է», – ասել է կառույցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Թոր Հալվորսսենը:
Նա հավելել է, որ սա հարված է ազատությանը։
Telegram-ի համահիմնադիրը 2024-ին ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա ձերբակալությունը չի ազդել հավելվածի գործունեության վրա: