ՀՀ կառավարության և Ազգային ժողովի շենքերում 2020թ. զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 9 անձ է ձերբակալվել, հաղորդում է Քննչական կոմիտեն: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Իրավապահ կառույցը մանրամասնել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է մասնակիցներից ևս 9-ի ինքնությունը։
Վերջիններս, ըստ Քննչական կոմիտեի, ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածելով կոտրել են Կառավարության շենքի մի շարք դռներ, վնասել շենքի գույքը:
Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մարդիկ ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենքեր, ինչպես նաև ծեծի ենթարկել այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նրա ծեծի գործով ամբաստանյալին դատարանը մայիսի 14-ին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: