Հանցավոր կազմակերպությունը Հայաստանի տարբեր բանկերից շուրջ 119 մլն դրամ է հափշտակել, տասը անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել են Քննչական կոմիտեից։
Կառույցի հաղորդմամբ՝ այդ կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը: ՔԿ-ն նշել է, որ 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հազար 568 դրամի վնաս:
ՔԿ-ն, մասնավորապես, պարզել է, որ Է.Ն.-ն ստեղծել և մինչև 2024 թվականի հունվար ղեկավարել է մի կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ի մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն էր։
«Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները: Այնուհետև վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50%-ը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին»,- հավելել են իրավապահ գերատեսչությունից։
Կառույցից նաև տեղեկացրել են, որ Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:
Տասը անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարով-խմբ․), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով-խմբ․), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով-խմբ․), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարով-խմբ․) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․):