Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) չի իրականացնում հաշվառումներ այն մասին, թե Արցախի քանի (նախկին) համայնքապետ կամ քաղաքապետ է որպես մեղադրյալ անցնում քրեական գործերով, քանիսը՝ որպես վկա: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան մեր գրավոր հարցման:
«Հայցվող տեղեկատվության վերաբերյալ համապատասխան հաշվառումներ Քննչական կոմիտեում չեն իրականացվում», – ասված է իրավապահ կառույցի պատասխանի մեջ:
2024թ. մայիսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Բագրատ Սրբազան Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։ Նա շուրջ 7 ամիս մեղադրվում էր Արցախից բերված մի քանի մեքենաներ խարդախությամբ հափշտակելու համար։ Մեղադրանքը չէին ընդունել: 2024թ. դեկտեմբերի վերջին Քննչականը վերացրել էր այդ մեղադրանքը, սակայն Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։ Սարգսյանի խափանման միջոցը չբացակայելու արգելքն է:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Ստեփանակերտի քաղաքապետից բացի՝ նույնանման մեղադրանքներ էին առաջադրվել նաև Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին: Ասկերանի ղեկավար Հայկ Շամիրյանի քրեական հետապնդումը դադարեցվել էր 2024թ. նոյեմբերին, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետապնդումը՝ հոկտեմբերի 26-ին: Փաստաբանները պնդել էին, որ սա քաղաքական հետապնդում է։