ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ավազակության հետ կապված տվյալներ հայտնաբերելու նպատակով արցախցի Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժել է, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնել է, որ այդպիսով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը։
Փաստաբանը հիշեցրել է, որ խոշտանգման ենթարկված Ուլուբաբյանի բնակարանը ՔԿ-ն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել։
Երիցյանը նաև նշել է, որ խոշտանգման վարույթը «մեռած է»։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Մարտի 18-ին քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բացահայտել Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, հեռացնել նրանց աշխատանքից և ձերբակալել։ Քաղաքացիները մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեից երթով շարժվել էին ՀՀ ՆԳՆ՝ պահանջելով հրապարակել, թե ի՞նչ իրավական գործընթաց են նախաձեռնել Ուլուբաբյանի հարցով։