ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է հրապարակումը, ըստ որի՝ «գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին ոստիկանները խոշտանգել են»։ ՆԳՆ-ն տեղեկությունն «անհիմն է» որակել։
«Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակումը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», չի համապատասխանում իրականությանը։ Նա քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել»,- գրել է Սարգսյանը։
Խոսնակը հավելել է, որ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը, ըստ ընթացակարգի, հրավիրվել է շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։
«Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում»,- եզրափակել է Սարգսյանը։
Մայիսի 9-ին Փոստանջյանը տեղեկացրել էր լրագրողի կալանավորման մասին։ Նա գրել էր, որ «լրագրողը անազատության մեջ խոշտանգման հետևանքով մի քանի անգամ հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում»։