Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նրա տվյալներով՝ Աղեկյանը մեկ օրից ավել գտնվում է անազատության մեջ, այս ժամանակահատվածում մի քանի անգամ տեղափոխվել է, խոշտանգման հետևանքով նաև հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։
Փոստանջյանը մանրամասնել է, որ Աղեկյանին զրկել են իր նախընտրելի պաշտպանյալից և տրամադրվել է հանրային պաշտպան, ով իր պարտականությունները կատարում է ոչ լիարժեք։
Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողը կալանավորվել է մեկ ամսով։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ երկու տարվա ազատազրկում), և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք հոդվածներով, առավելագույն պատիժը՝ երկու ամսվա ազատազրկում):